Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ ԵՄ երկրները հասկանում են առաջնագծում տիրող իրական վիճակը և գիտակցում են, որ ՈՒկրաինան պարտվում է հակամարտությունում։ «Զելենսկին հաճախ է մասնակցում Եվրոպական խորհրդի նիստերին։ Երբ նրան հարցնում ենք ռազմական իրավիճակի մասին, նա պատասխանում է. «Մենք հաղթում ենք»: Իրականում բոլորս գիենք, որ պարտվում են,- ասել է Ֆիցոն։                
 

Իմ ուսուցչի հիշատակին

Իմ ուսուցչի հիշատակին
21.02.2026 | 13:19

Մի ձորի եզրին

Մեր պատմության ուսուցչուհին մեզ Լոռի էր տարել։ Դպրոցական տարիներին նման օրերն արդեն փոքրիկ տոն էին՝ դասերից դուրս, գունավոր, ազատ ու անսպասելի։ Մեզ թվում էր՝ ի՜նչ երջանկություն է՝ մի քիչ հեռու լինել դասագրքերից, մաթեմի խնդիրներից, զանգից զանգ վազող ժամանակից։

Զբոսնում էինք երկար, վայելում Լոռվա բնությունը. ոմանք ճամփի վրա ընկած քարեր էին հավաքում, մյուսները՝ ծառերի անունները փորձում սովորել։

Իսկ հետո նա կանգնեցրեց մեզ մի ձորի գլխին։

- Ա՛ս ձորը միայն ձոր չէ,- ասաց, ու նրա ձայնը փոխվեց։ - Այստեղից Անուշն իրեն ձորը գցեց։

Մենք լռեցինք։

Ոչ ոք չհարցրեց՝ «Իսկ Անո՞ւշն ով էր», ոչ ոք չկասկածեց, թե ինչպես է գեղարվեստական կերպարը հայտնվել այս ճամփի եզրին։ Այդ պահից սկսած՝ «Անուշը» այլևս չէր ապրում միայն էջերում։ Այն այստեղ էր՝ ձորի լռության, քամու փափուկ շնչի, ուսուցչուհու սառած հայացքի մեջ։ Գրականությունը դադարեց լինել բանաստեղծություն՝ դարձավ ճշմարտություն։

Մենք բոլորս ինչ-որ չափով գիտեինք Անուշի պատմությունը։ Գիտեինք, որ մի աղջիկ կար՝ սիրահարված, հնազանդ, հպարտ։ Գիտեինք, որ մի եղբայր կար, մի լուռ գյուղ, մի չասված խոսք, մի չկատարված ներողություն։

Բայց այդ օրը, ձորի եզրին կանգնած, մենք այլևս չէինք մտածում պոեմի կառուցվածքի կամ կերպարային վերլուծության մասին։ Մենք պարզապես տեսանք լռություն։

Եվ այդ լռությունը մեզ սովորեցրեց մի բան, որ գրքի էջերը երբեք չէին կարող։

Անուշն իրեն ձորը չէր գցել, որովհետև խելագար էր։

Նա այդ քայլին գնացել էր, որովհետև աշխարհը, որտեղ ապրում էր, այլ ելք չէր թողել։

Եվ երբ աշակերտը կանգնում է նույն ձորի եզրին, սիրտը հասկանում է այն, ինչ միտքը դեռ բառեր չունի։

Եվ ահա այդպես՝ առաջին անգամ, գրական կերպարը դառնում է մարդ, պատմությունը՝ ճակատագիր, իսկ պոեմը՝ վերապրում։

Եվս մեկ բան.

Երբ գրականությունը դուրս է գալիս գրքից ու քայլում է աշակերտի կողքին՝ գուցե մի ձորի եզրին, այնտեղ ծնվում է իսկական ուսուցումը։

Որովհետև զգալը երբեմն ավելի կարևոր է, քան վերլուծելը։

Իսկ գրական կերպարը կենդանանում է ոչ թե քննության թերթիկում, այլ լուռ հիացման, մի ձորի առջև կանգնելու պահին։

…Եվ այնտեղ, ձորի խորքում, մի աղջիկ կար՝ աչքերը հառնած լեռներին։

Նրան ասացին՝ խելագար է։

Բայց չէ՞ որ խելագարությունը սրտի այն ճիչն է, որ լեզու չունի։

Նա պարզապես չէր կարող ապրել մի աշխարհում, որտեղ սերը պարտվում է պատվին։

Նրան հիշեցին՝ որպես անեծք, որպես հեքիաթ։

Բայց ոչ ոք չհիշեց, որ նա ընդամենը ուզում էր սիրել։ Ու ապրել։

Իսկ մենք՝ մի ձորի եզրին կանգնած, առաջին անգամ հասկացանք,

որ գրականությունը երբեմն ոչ թե կարդացվում է,

այլ ապրում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ